Գլխավոր էջ » 2013 » Հունվար » 12 » Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյան. «Սերիա՞լն է մեղավոր, որ մարդկանց թոշակները ցածր են»
15:16
Դերասանուհի Ծովինար Մարտիրոսյան. «Սերիա՞լն է մեղավոր, որ մարդկանց թոշակները ցածր են»
Ճանաչված դերասանուհի Ծովինար Մարտիրոսյանը NEWS-ին սերիալների մասին իր կարծիքն է հայտնել: Անդրադարձանք նաեւ նրա ընտանիքին ու կարիերային։

Ի՞նչպես դարձաք դերասանուհի։ Մանկուց երազե՞լ եք:

Կարելի է ասել՝ մեծացել եմ թատրոնում: Ներշնչանքս ռուսական դրամատուրգիան էր։ Սիրել եմ բեմի հոտը: Երբ փոքր էի, հայելու առաջ ինքս ինձ համար ներկանացումներ էի անում, հետո ծափ էի տալիս ինքս ինձ ու գովում, որ շատ լավ եմ խաղում (ծիծաղում է): Սա ուղղակի հիշեցի... Հետո շատ էի դիտում ֆիլմեր եւ մի օր հասկացա, որ առանց այդ ամենի ապրել չեմ կարող: Ընդունվեցի թատերական ինստիտուտ, Վահե Շահվերդյանի արվեստանոց: Արդեն 12 տարի է, ինչ Սունդուկյանի անվան թատրոնում եմ:

Ձեր ստեղծագործական ճանապարհի ո՞ր կանգառն եք ամենաշատը հիշում:

Ինձ համար գոյություն չունի կանգառ: Ես միշտ փնտրողի, պայքարողի դերում եմ: Սիրում եմ պայքարել այս կամ այն բանի համար, ստեղծագործական բոլոր փուլերն եմ սիրում... Բայց ամենից շատ սիրում եմ դերը կերտելու ընթացքը, փորձերը, խենթանում եմ լավ ներկայացումների համար, սիրում եմ արտիստ հասկացողությունն ու չեմ վախենում ստեղծագործելուց, ինքս ինձ փորձելուց:

Ի՞նչով եք հիմա զբաղված: Նոր ներկայացումներ, ֆիլմեր սպասվո՞ւմ են:

Այս պահին նկարահանվում եմ «Կյանքի կառուսել» նախագծում: Խաղում եմ թատրոնում: Իհարկե, նոր ներկայացումներ սպասվում են, կան նաեւ խոստումնալից առաջարկներ, սակայն չեմ խոսի դրանց մասին: Կլինի՝ կիմանաք: Միայն ուզում եմ նշել, որ պատրաստվում ենք թատրոնի 90-ամյա հոբելյանին...

Ըստ ձեզ, մեր ազգը գնահատո՞ւմ է իր դերասաններին:

Իհարկե, գնահատում է: Բայց հիմա ամեն ինչ խառնվել է, ոչինչ իր տեղում չէ: Կարծում եմ, ժողովուրդը ճանաչում է իրական արվեստագետներին ու գնահատում է նրանց: Իսկ սուտ աստղիկերը շատացել են, մեծամտությունը դարձել է նորաձև, հպարտությունը խառնվել է գոռոզության հետ... Բայց կասեմ, որ ամեն ինչ իր տեղը կընկնի եւ ոչ մի տաշած քար գետնին չի մնա:

Ինչպե՞ս եք վերաբերվում սերիալներին: «Կյանքի կարուսելը» տարբերվո՞ւմ է դրանցից:

Ես սերիալներին նորմալ եմ վերաբերվում, սերիալը դերասանին ստիպում է անընդհատ աշխատել, դերասանը կոփվում է: Մեզ մոտ բոլորը բողոքում են սերիալներից, ասում են՝ ի՞նչ պետք է սովորեն երեխաներն այդ ֆիլմերից... Ինքնստինքյան մի հարց է ծագում. իսկ ինչո՞ւ են երեխաները սերիալ դիտում, թող նրանք այդ ժամին գիրք կարդան, խաղեր խաղան... Ծնողները չեն կարողանում դաստիարակել, և դրանում սերիալը ոչ մի մեղք չունի: Սերիա՞լն է մեղավոր, որ մարդկանց թոշակները ցածր են: Սերիա՞լն է մեղավոր, որ երիտասարդ ընտանիքներն անտուն են, որ սոված շատ երեխանե՞ր կան: Որ ազատամարտիկները գոյատեւելու գումար չունեն, նորից սերիա՞լն է մեղավոր: Չեմ հասկանում, մենք դերասաններ ենք... Եթե սերիալում չխաղանք, ո՞վ պիտի խաղա: Ցույց ենք տալիս թե՛ լավը, թե՛ վատը: Սակայն լավի մասին չեն խոսում, այլ միայն՝ վատի, ինչո՞ւ: Մենք վատը չենք քարոզում: Բուլգակովը լավ խոսքեր ունի. «Եթե չլիներ իմ սեւը, չէր երեւա քո սպիտակը»:

«Կյանքի կառուսելը» շատ եմ սիրում: Չեմ կարող աշխատել առանց սիրելու, հանուն գումարի: Այս նախագծի աշխատակազմը շատ լավն է, բոլորը խելացի ու շատ լավ մարդիկ են, բոլորին շատ սիրում եմ: Լավ մթնոլորտ կա, սեր, ջերմություն, բարություն... Նախընտրու եմ աշխատել լավ մարդկանց հետ, այս առումով բախտս շատ է բերել, բոլորն իմ ընկերներն են... Սուտ չեմ լինի, եթե ասեմ, որ «Կյանքի կառուսելն» ամենահաջողված նախագծերից է:

Իսկ ձեր ամուսնու՝ Նարեկ Հայկազյանի հետ ինչպե՞ս եք ծանոթացել:

Նարեկիս հետ սովորել ենք թատերական ինստիտուտի նույն կուրսում, սիրահարվել եւ ամուսնացել ենք: 

Դժվա՞ր է, երբ երկուսդ էլ դերասան եք:

Ոչ, դժվար չէ։ Աստված ինձ հիանալի ամուսին ուղարկեց: Կապ չունի մասնագիտությունը, եթե կա սեր, հարգանք եւ վստահություն։ Նա առաջին հերթին իմ ամենամեծ քննադատն ու խորհրդատուն է, ես հաշվի եմ առնում Նարեկի խորհուրդները թե՛ կյանքում, թե՛ բեմում: Մենք ունենք ընդհանուր ընկերներ, երբեք չենք շփվում հիմար եւ առավելեւս չար մարդկանց հետ, մեզ համար կարեւորը միմյանց վստահելն ու հավատարիմ լինելն է...

Ի՞նչ եք կարծում, ձեր տղան կշարունակի՞ ծնողների գիծը։

Չգիտեմ կշարունակի թե ոչ, բայց մեծ սեր ունի երաժշտության եւ նկարչության հանդեպ: Առհասարակ ճանաչված մարդկանց համար դժվար է լինում նույն ճանապարհով գնալը: Ես Անրիի փոխարեն երբեք որոշում չեմ կայացնի: Աստված առաջ...

Ամեն օր երեխայի հետ զբոսնելու, խաղալու ժամանակ ունենո՞ւմ եք։

Դժվար է... Բայց Անրին ինձ համար վեր է ամեն ինչից, այդ թվում նաեւ աշխատանքից: Ես միշտ նրա հետ եմ, նրա կողքին, բայց ինձ թվում է, որ էլի քիչ է: Հիմա մանկապարտեզ է հաճախում...Շուտով դպրոց կգնա եւ կկատարվի երազանքներիցս եւս մեկը՝ երեխայիս առաջին անգամ դպրոց պիտի տանեմ:

Դժվա՞ր է եւ դերասան եւ մայր լինելը:

Ես թատրոնում դերասանուհի եմ, կյանքում՝ մայր, կին, ինչպես բոլոր կանայք: Մտնում եմ խոհանոց ու մոռանում եմ մասնագիտությունս։ Սովորական մարդ եմ: Իմ տունը իմ եկեղեցին է:

Իսկ ո՞րն է ավելի կարևոր:

Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ աշխարհում ամենակարեւորն ընտանիքն է, տան ճաշը չեմ փոխի ռեստորանի ամենահամեղ ուտեստի հետ:

Ի՞նչ կասեիք այն մայրերին, ովքեր աշխատանքի պատճառով զրկում են իրենց փոքրիկին իրենց հետ շփվելու հնարավորությունից։

Աշխատանք կարող եք գտնել, իսկ երեխայի մանկությունը երբեք հետ չեք բերի։ Ժամանակ տրամադրեք երեխաներին, որպեսզի հետո էլ նրանք ժամանակ ունենան ձեզ համար: Կյանքը բումերանգ է, ապրեք խաղաղ, առանց չարության: Ու թող աշխարհի բոլոր մանուկները միշտ առողջ ու երջանիկ լինեն:

Դիտումներ: 854 | Ավելացրեց: Admin | - Վարկանիշ -: 5.0/2
Նյութը Վերցված է Այս Կայքից>>>
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն*:
Էլ-փոստ:
Պաշտպանիչ Կոդ*:
Կայքի Էջեր

Կայքի Տվյալ Բաժնում Նյութերի Թիվը `
Միանալ Կայքի RSS-ին
Review //hayvid.do.am on alexa.com Счетчик тИЦ и PR
Рейтинг@Mail.ru

Рейтинг@Mail.ru