15:09 Սիրուշոն կներկայացնի՞ Հայաստանը «Եվրատեսիլ-2013»-ում | |
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը «Եվրատեսիլ -2013»-ի մասնակցին ընտրելու փուլում է: Հայաստանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սիրուշոն կարող է ներկայացնել կովկասյան այդ փոքրիկ երկիրը: Այս մասին NEWS.am.STYLE-ը տեղեկանում է Եվրատեսիլի պաշտոնական կայքից: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշել է, որ ոչինչ դեռ որոշված չէ: «Յուրաքանչյուրը կարող է ներկայացնել Հայաստանը Մալմյոյում, այդ թվում` Սիրուշոն, մենք դեռ քննարկում ենք»,- ասել է Գոհար Գասպարյանը: Հիշեցնենք, որ Սիրուշոն «Քելե-քելե» երգով 2008թ ներկայացրել էր Հայաստանը «Եվրատեսիլում» եւ գրավել մինչ այդ մեր երկրի զբաղեցրած ամենաբարձր հորիզոնականը` 4-րդ տեղը: Եվրատեսիլի պաշտոնական կայքը անդրադառնում է Սիրուշոյի վերջին «ՊռեԳոմեշ» երգին, եւ նշում, որ այն կարճ ժամանակահատվածում դարձել է շատ հայտնի եւ առաջին երեք շաբաթների ընթացքում ունեցել է ավելի քան 560 հազար դիտում: «Դա, հնարավոր է, «Քելե-քելե» երգի շարունակությունն է, որի վերնագիրը վերցված էր հայ հայտնի երգահան Կոմիտասից: «Պռեգոմեշը» եւս Կոմիտասի ազդեցությամբ է ստեղծվել»,- նշված է «Եվրատեսիլի» պաշտոնական կայքում: Այս խոսակցությունների վերաբերյալ Սիրուշոյի մենեջեր Արեւիկ Ուդումյանը NEWS.am STYLE-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամեն տարի շրջանառվում են նույն խոսակցությունները եւ հաճելի է, որ ամեն անգամ հենց Սիրուշոյի անունն է ամենաշատը շրջանառվում, ուրիշ ոչինչ նա չասաց: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |